1890-ականներից մինչև 1923 թիվը Հայկական հարցի նկատմամբ եվրոպական պետությունները որդեգրել էին ճիշտ ու ճիշտ նույն կեղծավոր և անամոթ դիրքորոշումները։ 1920 թ. վերջին Հայկական հարցում Ազգերի լիգայի ընդունած բանաձևերի անատամությունն ու անարդյունավետությունն այսպես էր ծաղրում Լիգայի քարտուղարության քաղաքական բաժանմունքի տնօրեն Փոլ Մոնթյոն՝ կազմելով հետևյալ դառը զավեշտ-բանաձևը.
«ՀՈԴՎԱԾ 1. Հայերի ոչ մի ջարդ չպետք է տեղի ունենա առանց Լիգայի խորհրդին մեկ ամիս առաջ տեղեկացնելու:
ՀՈԴՎԱԾ 2. Եթե ջարդերն ընդգրկելու են նաև կանանց և երեխաների, ապա Լիգայի խորհուրդը պետք է տեղեկացվի երկու ամիս առաջ:
ՀՈԴՎԱԾ 3. Հայերի որևէ ջարդ, որն իրականացվում է առանց սույն ձևականությունների պահպանման, պետք է համարվի անվավեր»։
Այսօր էլ նույնն է. արևմտյան որոշ պետությունների արտաքին գործերի գերատեսչությունները և նրանց ներկայացուցիչները պարբերաբար անատամ հայտարարություններ են անում Բերձորի (Լաչինի) միջանցքը բացելու անհրաժեշտության մասին, բայց գործը դրանից այն կողմ չի անցնում։ Ադրբեջանը չի ենթարկվում անգամ խորհրդանշական ճնշման, իսկ պատժամիջոցների մասին խոսելն էլ ավելորդ է։ Խոշոր հաշվով, միջազգային անգործունեությունը նշանակում է թուրք-ադրբեջանական հայասպանական քաղաքականության խրախուսում։
Ուստի Արցախի և Հայաստանի Հանրապետության գոյությունը պաշտպանելու խնդիրը դրված է միայն մեր ուսերին։ Այլապես մեծ պետություններն ու նրանց ղեկավարությամբ գործող ՄԱԿ-ը, ԵՄ-ը, ԵԽ-ն, ԵԱՀԿ-ն, ՆԱՏՕ-ն, ՀԱՊԿ-ը և մյուս միջազգային կառույցները միշտ էլ անելու են այն, ինչ 100 տարի առաջ անում էր Ազգերի լիգան՝ դատարկաբանելու են և հեռվից վայելելու Հայաստանի կործանումը։
Արմեն Այվազյան